SHOW BISS

5 ՀԱՅ ԵՐԳԻՉ, ՈՎՔԵՐ ՆՈՐԱՁև ԴԱՐՁՐԻՆ ԵՐՋԱՆԻԿ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ ԵՐԳԵՐԸ

02. 06. 2018

Եթե առաջ հայ երգիչները երգում էին ողբերգական սիրո, տառապանքի ու բաժանման մասին, ապա հիմա ժամանակները փոխվել են:  Մերոնք արդեն նախընտրում են սերը ներկայացնել ավելի վառ ու լուսավոր տեսանկյունից՝ գովերգելով իրենց սիրելիներին ու անկեղծանալով իրենց զգացմունքների մասին: Վերջին ժամանակահատվածում բազմաթիվ են երջանիկ սիրո ու հարաբերությունների մասին ստեղծագործությունները, ինչն, իհարկե, շատ ավելի լավ է, քան անվերջանալի հեռանալն ու մոռանալը:

 

Չունի աշխարհը քեզ նման,- երգում են նրանք՝ իրենց աշխարհ կանչելով սիրելիներին ու մտածելով, որ ուշ է՝ պետք է գնալ տուն, որ հանկարծ արթուն ու աչքերը թաց չսպասի նա՝ այն միակը, ում շուրջ էլ հյուսվում է այս ողջ պատմությունը:

 

Citrus.am-ը որոշել է առանձնացնել այն հայ երգիչներին, ովքեր նորաձև դարձրին երջանիկ սիրո մասին երգերը: Ի դեպ, այս երգերը վերջին ժամանակահատվածի ամենահայտնի հիթերից են:

 

Արմո- «Ուշ է հիմա»

Արմոն առաջիններից էր, ով մինիմալիստական ոճով պարզապես երգեց իրեն տանը սպասող սիրելիի մասին: Իսկական հայ տղամարդու պես խոստովանեց՝ ուր էլ լինի, ուր էլ գնա, տուն է վերադառնալու: Ի դեպ, երգի հեղինակը հենց Արմոն է, ով 2013թ. ամուսնացավ, իսկ 2014-ին արդեն երգեց այս ջերմ ու սիրառատ երգը: Տեսահալովակը Youtube-ում ունի 2,5 միլիոնից ավել դիտում, թեև, վստահաբար, եթե հիմա թողարկվեր, ավելի հայտնի կդառնար: Մի քանի տարի առաջ դեռ երջանիկ սիրո մասին երգերը այնքան էլ մեծ տարածում չունեին:

Արմո 1

Ռազմիկ Ամյան – «Չունի աշխարհը քեզ նման»

Ռազմիկ Ամյանին այս շարքում, միանշանակ, առաջատար կարելի է համարել: «Չունի աշխարհը քեզ նման» երգից հետո նրա երգացանկում շատացան հեղինակային ստեղծագործությունները: Ռազմիկը գտել է իր ոճը, նրա ձեռագիրն արդեն ճանաչելի է հանդիսատեսի կողմից:  Ստեղծագործությունը երգիչը նվիրել է սիրելի կնոջը, այն ծնվել է մեկ տարվա ընթացքում: Այս երգից մեկ տարի անց երգիչը ներկայացրել է նաև «Սիրեմ քեզ, լիանամ» հիթը, որը, սակայն, չգերազանցեց նախորդի արդյունքները: Youtube-ում նրա ամենահայտնի հիթի դիտումներն անցել են 27 միլիոնը: Ի դեպ, թե՛ Ռազմիկի, թե՛ դրան հաջորդող նմանատիպ երգերի տեսահոլովակներում շեշտը դրված է հենց երգի վրա՝ երգիչ, երաժիշտներ, համերգային մթնոլորտ:

Ռազմիկ Ամյան

 

Էրիկ – «Իմ աշխարհ եկ»

Նախորդ տարի Էրիկը սկսեց իր աշխարհ կանչել սիրելիին, որպեսզի աշխարհով մեկ լինի: Տեսահալովակում, ի դեպ, ներկայացված է, թե որքան զգացմունքային է նա աշխարհով մեկ լինում: Իսկ թե ինչու է վերջում գեղեցկուհին մենակ մնում վերելակի մոտ, դա արդեն բոլորովին այլ պատմություն է: Էրիկի հենց այս ստեղծագործությունը կարելի է նրա վերջին ժամանակահատվածի ամենահայտնի հիթը համարել, որը, միանշանակ, տեղ ունի մեր շարքում:  Ի դեպ, երգի երաժշտությունը հենց Էրիկն է գրել: Համացանցում արդեն հայտնի է նաև նրա ևս մեկ լիրիկական ստեղծագործություն՝ «Երազանքի իմ սեր», որը դեռևս չունի տեսահալովակ, փոխարենն ունի մոտ 1 մլն դիտում:

Էրիկ

 

Սարո – «Խոստանում եմ»

Սարոն երգեց «գիժ աղջկա», անմահական սիրո մասին՝ խոստանալով սիրելիին տանել իր սիրո աշխարհ, որպեսզի ինչքան սեր ունի սրտում պահած, հանի ու նրան նվիրի: Իր «Խոստանում եմ» տեսահալովակում երգիչը շատ զգացմունքային ու անկեղծ է զուգընկերուհու հետ: Դիտումների առումով, այս տեսահալովակը չի գերազանցում «Էս աղջիկը գիժ ա» և «Քանի» տեսահալովակներին:

Սարո

 

Հայկո

Խոսելով երջանիկ սիրո մասին՝ անհնար է չհիշել  հայկական էստրադայի ամենառոմանտիկ երգչին: Հայկոն դեռևս 90-ականներից է երգում ռոմանտիկ զգացմունքների մասին: Երգչի այցեքարտը 90-ականներին լույս տեսած նրա «Ռոմանս» ալբոմն է, որով նա հանրահայտ է դարձել: Իր ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում Հայկոն այդպես էլ չի դավաճանել հարազատ ոճին՝ այս ընթացքում երկրպագուներին նվիրելով բազմաթիվ գեղեցիկ ու սիրային պատմություններ: Նրա՝ վերջին ժամանակահատվածի ամենահայտնի աշխատանքներից մեկը  «Սիրահարվել եմ» տեսահալովակն է՝ սև ու սպիտակ մթնոլորտ, վերելակ, հյուրանոց, դաշնամուր: Հայկոն առանց գլխավոր հերոսուհու էլ կարողանում է ապահովել անհրաժեշտ ռոմանտիկ մթնոլորտը:

հայկո2