TRAVEL

Մալդիվների հանրապետություն

12. 05. 2015

Beach-Maldives-21-HD-Images-WallpapersՄալդիվները մոլորակի ամենայուրահատուկ հանրապետություններից մեկն է: Աշխարհի տարբեր ճանապարհորդներ մեծագույն հաճույքով են ներկայացնում այս օրհնված կղզիներում իրենց իրականացրած հանգիստը: Ականատես լինելով այս անկրկնելի կղզիների վառ և պայծառ լանդշաֆտներին՝ ակամայից պատկերացնում ես, թե ինչպիսին կարող է լինել դրախտը:

Մալդիվյան կղզիները, որոնք մարգարտե ապարանջանի նման սփռվում են Շրի Լանկայից հարավ-արևմուտք, Հնդկական օվկիանոսի հասարակածային ջրերի սիրված հանգստավայրերից և լավագույն էկզոտիկ ուղղություններից են: Այն փոքր կղզյակների հիանալի մոզայկա է՝ բաղկացած 1190 տարբեր չափսերի կղզուց, իսկ հեշտ կառավարման նկատառումներով՝ երկիրը բաժանված է 26 աթոլի: Կղզիներից յուրաքանչյուրը յուրովի հիացնում է իր երկնագույն ծովախորշերով, ձյունափայլ ավազե ծովափերով, մաքուր ու տաք ջրերով և յուրօրինակ բուսականությամբ: Մեկ կղզին հնարավոր է շրջանցել մի քանի րոպեի ընթացքում։ Այդ բազմաթիվ կղզիներից միայն 70 ունեն հյուրանոցներ և այլ անհրաժեշտ ինֆրակառուցվածքներ։ Շատ կղզիներ անմարդաբնակ են, և միայն տեղի ձկնորսներն են այցելում այնտեղ։

Այստեղ հանգստանալ կարող են այն ճանապարհորդները, որոնց եկամուտը «միջինից բարձր» է: Դայվինգի սիրահարները ամբողջ օրը կարող են զբաղվել իրենց սիրելի զբաղմունքով: Լիակատար հանգստի համար բոլոր պայմաններն առկա են՝ անդորր, գեղեցիկ բնություն, հարուստ ջրային աշխարհ, ինչպես նաև լավ հյուրանոցներ ու սպասարկման բարձր որակ:

Հյուրանոցներ՝

 Մալդիվներում գրեթե առանց բացառության գործում է «հյուրանոցային էքսկլյուզիվ» սկզբունքը. գրեթե միշտ մի կղզին մի հյուրանոց է, որը  կարող է ընդունել սահմանափակ քանակով հյուրեր: Հյուրանոցների մեծ մասը 4-5 աստղանի են՝բունգալո տեսակի: Երեք աստղանի հյուրանոցներ հազվադեպ են հանդիպում:

Մալդիվյան կղզիներում հյուրանոցների պաշտոնական դասակարգում չկա: 5 աստղանի մի քանի հյուրանոցների միջև տարբերություն զգացվում է ինչպես գնի, այնպես էլ կահույքի, ծառայությունների, բուսականության մեջ:

Հյուրանոցները փոքրիկ տնակներ են, քոթեջներ, բունգալոներ, վիլաներ, շալեներ, իսկ բարձրահարկ շենքեր առհասարակ չկան՝ բացառությամբ մայրքաղաք Մալեի:

Մալե՝

 Հյուսիսային Մալե աթոլի ամենախիտ բնակեցված կղզին, որտեղ անընդմեջ իրականացվում են հողատարածքի վերականգնման ծրագրեր՝ Մալեն է՝ երկրի մայրաքաղաքը: Իր չափազանց փոքր չափսերով համարվում է աշխարհի ամենաձոքր մայրաքաղաքը: Այստեղ պաշտոնական տվյալներով բնակվում է ընդամենը 65 հզ. մարդ, սակայն արտասահմանից ժամանած զբոսաշրջիկներով, աշխատողներով, ինչպես նաև այլ կղզիներից այցելուներով, ովքեր հաճախ են գալիս այստեղ, բնակչությունը քաղաքում հաճախ հասնում է մոտ 100 հզ.-ի: Մալեում էկոլոգիան բավականին մաքուր է. այստեղ մեքենաներ գրեթե չեն հանդիպում և հիմնական փոխադրման միջոցը հեծանիվն է: Արևադարձային գույների տարափը, մշակութային հուշարձանները, մզկիթները, շուկաները, ինչպես նաև ժամանակակից կառույցների հարևանությամբ գտնվող փոքրիկ փողոցների լաբիրինթոսները անբացատրելի և անհամեմատելի տպավորություն են թողնում ցանկացած ճանապարհորդի վրա:

Սեենու՝

Եթե ցանկանում եք վայելել իրական դրախտային հանգիստ, ապա երկրի վրա գտնվող հազարավոր վայրերից Ձեր ընտրությունը պետք է լինի Մալդիվների ամենահարավում գտնվող Սեենու աթոլը (Ադդու)՝ երկրագնդի ամենագրավիչ անկյուններից մեկը: Արևադարձային բնության և դասական անգլիական ճարտարապետության միասնությամբ է հանդես գալիս Մալդիվների մեծությամբ երկրորդ աթոլը, որը անհոգ հանգստի սիրահարների համար բոլոր անհրաժեշտ պայմաններն առաջարկում է:

Կուդահուվադհու՝

Նիլանդհուի հարավային աթոլում Կուդահուվադհու կղզում գտնվում է մի խորհրդավոր բլուր, որը տեղացիներն անվանում են Հավիտտաս: Ամենայն հավանականությամբ դա բուդիստական տաճարի ավերակներ են, որը սակայն դեռ չի բացահայտվել հնէաբանների կողմից: Նորվեգացի ճանապարհորդ, ազգագրագետ, հնագետ և գրող Թուր Հեյերդալը ուսումնասիրություններ է կատարել կղզու վրա և հայտնել, որ տաճարի քարե շարվածքը իր կյանքում տեսած ամենայուրահատուկ և չտեսնված կառույցն է: Նա պարզապես ապշել էր՝ բացահայտելով այս փոքրիկ կղզու վրա նման արվեստի գլուխգործոց:

Ճանապարհորդությունը դեպի Մալդիվյան կղզիներ նման է Ռոբինզոնի վարած կյանքի ժամանակակից տարբերակին, քանի որ չկա մեկ այլ վայր, որտեղ մարդը կկարողանա միաձուլվել բնության հետ՝ սուզվելով մայրամուտյան ալիքների շշուկների և ավազների քնքշության մեջ, այնպես ինչպես այս չքնաղագեղ դրախտավայրում: Մալդիվների թափանցիկ ջրերում կարող եք հանդիպել ստորջրյա գունագեղ տարատեսակ արարածներ, որոնք էլ ավելի հեքիաթային կդարձնեն Ձեր հանգիստը:

Մալդիվյան կղզիները աննման են, յուրաքանչյուր անձ ձգտում է այցելել այս կախարդական վայրը, թե այն ճանապարհորդները, ովքեր նախընտրում են էկզոտիկ երկրներ և, թե նրանք, ովքեր արդեն եղել են այստեղ: Այստեղ անցկացրած հանգիստը յուրաքանչյուրի սրտում թողնում է հաճելի և երջանիկ հիշողություններով լեցուն մի հետք, որը նման է մանուկ ժամանակ ունեցած ոսկե երազներին: Մալդիվներում ապրած տպավորություններն ու էմոցիաները դեռ երկար ժամանակ չեն լքի Ձեր հիշողությունը:

Նյութը տրամադրել է «Go travel» տուրիստական ընկերությունը