TRAVEL

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ 7 ՊԱՏՃԱՌ

26. 05. 2015

yerevan_sightseeing

Մենք բացահայտում ենք յուրաքանչյուր երկրի պատմությունը նրա գրականության և արվեստի միջոցով, հասկանում ենք երկրի կոլորիտը ազգային ավանդույթների, երաժշտության շնորհիվ և ազգային խոհանոցի միջոցով ճանաչում ենք տվյալ ազգի առանձնահատկությունները: Դեպի Հայաստան տուրերը համատեղում են ազգային շունչն ու երկրի հարուստ պատմությունը: Այցելելով Հայաստան կարող եք բացահայտել երկրի թաքնված գանձերը, ծանոթանալ կովկասյան հյուրընկալությանը, ճանապարհորդել բարձրադիր լեռների և ալպիական մարգագետիների միջով:

Ահա 7պատճառ, թե ինչու պետք է այցելել Հայաստան`

1. Հարուստ պատմությունը և բիբլիական Արարատը

Հայերն իրենց համարում են Նոյի ժառանգներ, քանի որ բիբլիական ջրհեղեղից փրկված Նոյի նավն, ըստ լեգենդի ապաստան է գտել հենց Արարատի գագաթին:

2. Հնագույն վանքերը

Հայաստանում գոյություն ունեն անթիվ պատմական հուշարձաններ, որոնց քանակը հասնում է մոտ 40.000-ի: Այս հնավուրց վանքերը հասանելի են տուրիստական այցելությունների համար և սպասում են աշխարհի տարբեր անկյուններից ժամանած զբոսաշրջիկներին զարմացնելու իրենց հնարավորությանը:

3. Անկրկնելի բնապատկերները

Հայաստանում լեռներն ամենուր են: Տարածքի մոտ 90% -ը գտնվում է ավելի քան մեկ հազար մետր բարձրության վրա: Զբոսաշրջիկներին հիացնում է այս հնավուրց երկրի բազմազանությունը` կիսատափաստանային լանդշաֆտներից մինչ ալպիական մարգագետիններ, ձյունածածկ գագաթներից մինչ Սևանա լճի զմրուխտյա ջրեր, Դիլիջանի սաղարթախիտ անտառներից մինչ Նորավանքի կիրճի կարմիր ժայռերը:

4. Հարուստ կենդանական աշխարհը

Եթե Դուք վայրի բնության և կենդանական աշխարհի սիրահար եք, Հայաստանը կարող է գրավել Ձեզ իր բազմազանությամբ: Զբոսաշրջիկների շրջանում տարածված են birdwatching տուրերը, որոնց ընթացքում ծանոթանում են թռչունների տարբեր տեսակներին:

5. Հայկական խոհանոցը

Հայկական խոհանոցն այնքան հին է, որքան նրա պատմությունը: Հայկական խոհարարական ավանդույթներն ավելի քան 2000 տարեկան են: Ավանդական կերակրատեսակները պատրաստվում են կրակի վրա և գրեթե միշտ պարունակում են մսամթերք: Անհնար է

պատկերացնել հայկական սեղանն առանց ավանդական լավաշի, որի պատրաստման ընթացքը գրավում է արտասահմանից ժամանած հյուրերին:

6. Աշխարհի ամենաերկար ճոպանուղին

Հայաստան այցելելու պատճառներից մեկը Տաթևի թևեր կոչվող աշխարհի ամենաերկար ճոպանուղին նստելն է (5.7կմ), որը Ձեզ կտանի դեպի հեքիաթային գեղեցկություն ունեցող Տաթևի վանական համալիր:

7. Վարդագույն մայրաքաղաքը

Հայաստանի մայրաքաղաք Երևանը հիմնադրվել է 782 մ.թ.ա. Այն 29 տարով մեծ է Հռոմից և կոչվում է վարդագույն շնորհիվ տուֆի, որով էլ կառուցված է շինությունների գրեթե մեծամասնությունը:

Անկախ նրանից, թե նշված կետերից որը Հայաստան այցելելու դրդապատճառ կհանդիսանա, երկիրը ցանկացած այցելուի կզարմացնի իր հրաշալի տեսարժան վայրերով, հարուստ պատմությամբ և սրտեր ջերմացնող արևով:

Նյութը տրամադրել է «Go travel» տուրիստական  ընկերությունը