ԿՈՒԲԱ՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿՂԶԻ

68bԿուբան յուրահատուկ երկիր է` սպիտակ ավազե լողափերով, կենսուրախ բնակիչներով և անկրկնելի բնությամբ: Այն անձանց համար, ովքեր ցանկանում են համատեղել ծովափնյա հանգիստը և նոր մշակույթի բացահայտումը, Կուբան իդեալական ուղղություն է. այն իրական դրախտ է զբոսաշրջիկների համար: Ազատության կղզին Կարիբյան ծովածոցի մարգարիտն է համարվում: Կղզու մայրաքաղաք Հավանան գրավում է զբոսաշրջիկներին իր ինքնատիպ ճարտարապետական ոճով, լատինական մշակույթով և ժամանցի բազմաթիվ վայրերով:

Հին Հավանան` մայրաքաղաքի պատմական կենտրոնը, կզարմացնի Ձեզ բազմաթիվ ամրոցներով, թանգարաններով, հյուրանոցներով և ռեստորաններով: Քաղաքի տեսարժան վայրերից կարելի է առանձնացնել Հեմինգուեյի տուն-թանգարանը, Հավանայի Մեծ Թատրոնը և Բուսաբանական այգին: Հարկ է նշել, որ հանհրահայտ Էռնեստ Հեմինգուեյը միակ արտասահմանցին է, ում թույլատրվել է սեփականություն ունենալ Կուբայում: Տեղաբնակները մինչև հիմա հպարտանում են հանրահայտ գրողով և կարող են ժամերով պատմել նրա մասին: Իսկ այն վայրը, որտեղ նա ապրել և ստեղծագործել է, համարվում է հայտնի տեսարժան վայրերից մեկը:

Հավանան հայտնի է նաև բազմաթիվ փառատոններով և տոներով, որոնցից առավել հայտնիներն են Միջազգային ջազի և ֆիլմերի փառատոնը և իհարկե ազգային տոնը` հեղափոխության օրը: Հարկավոր է նշել, որ Կուբայի բնակիչները սիրում են երաժշտություն և պար: Այդ պատճառով, Կուբա այցելելիս, բաց մի թողեք լատինական պարերի երեկոները:

Համընդհանուր փաստ է, որ Կուբայում պատրաստում են աշխարհում լավագույն սիգարները և նույնիսկ չծխողները խոստովանում են, որ այցը դեպի ազատության կղզի թերի կլինի առանց սիգարների թանգարան այցելելու: Կուբացիները չեն կարող հյուրանոցային ծառայություններից օգտվել, այնպես, ինչպես զբոսաշրջիկները, դրա համար որևէ պատճառ է հարկավոր: Օրինակ, այն մասնագետը, ով բոլորից լավ է սիգարներ պատրաստել, պետության կողմից որպես նվեր ստանում է առաջատար հյուրանոցներում հանգստի ուղեգիր:

Դայվինգի սիրահարները նույնպես չեն ձանձրանա: Սպիտակ ավազե ափերի ֆոնին վառ փիրուզագուն օվկիանոսնն ամեն օր փոխում է իր գույնը, կախված եղանակային պայմաններից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Վարադերոյի լողափերը գրանցված են որպես աշխարհում ամենամաքուրը:

Զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն են վայելում նաև քարանձավերը: Շատ քարանձավեր, ունենալով մոտավորապես երկու կիլոմետր երկարություն, հատուկ նախատեսված են էքսկուրսիաների համար: Վարադերոյի մոտ գտնվող Սատուրնո քարանձավը հայտնի է քաղցրահամ լճով, որտեղ կարելի է սուզվել և վայելել լճի հատակի գեղեցիկ ժայռային տեսարանները:

Եթե ցանկանում եք Ձեր ընկերներին և հարազատներին զարմացնել հուշանվերներով, ապա նրանց համար ազատության կղզուց որպես նվեր բերեք սև կորալից պատրաստված զարդեր և իհարկե, չմոռանաք հանրահայտ սիգարները և ռոմը:

Բաց մի թողեք նաև հեքիաթային Parque Almendares այգում հայտնվելու հնարավորությունը: Այն հիշեցնում է հեքիաթային անտառ, լիովին էկզոտիկ ծաղիկներով շրջապատված, քանի որ այգին տուրիստական կենտրոն չի համարվում, խորհուրդ է տրվում այցելել միայն տեղաբնակների ուղեկցությամբ:

Իդեալական ծովափեր, ջինջ երկինք և պայծառ արև, էկզոտիկ մրգեր, ազգային երաժշտական ռիթմեր, բարեհամբույր կուբացիներ…Ահա այս ամենը սպասվում է Ձեզ Կուբայում:

Նյութը տրամադրել է «Go travel» տուրիստական ընկերությունը: