ԽՈՀԱՆՈՑ

ԿՈԿՈՍԻ ՄԻՋՈՒԿՈՎ ՇՈԿՈԼԱԴԵ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ

17. 09. 2018

l

 

Ի՞նչ է ձեզ հարկավոր: Խմոր՝  250 գր ալյուր, 25 գր կակաոյի փոշի, 150 գր կարագ, 100 գր շաքարի փոշի, 2 հատ ձվի դեղնուց, 1 թ/գ փխրեցուցիչ, աղ: Միջուկ՝ 200 մլ կաթ, 50 գր շաքարավազ, 20 գր ալյուր, 2 հատ ձվի դեղնուց, 20 գր կոկոսի քերուկ: 60 գր սև շոկոլադ, 30 գր կարագ, 20 գր կոկոսի քերուկ:

 

Ինչպե՞ս պատրաստել: Նախօրոք փափկացրած կարագը, դեղնուցը, շաքարի փոշին ու աղը լցրեք տարայի մեջ, լավ հարեք՝ վերածելով միասեռ զանգվածի: Ալյուրը, կակաոյի փոշին ու փխրեցուցիչը լցրեք առանձին տարայի մեջ, ապա կամաց-կամաց ավելացրեք կարագով զանգվածը: Ստացված խմորը 30 րոպե սառեցրեք սառնարանում: Խմորը բաժանեք  երկու կամ երեք մասի և յուրաքանչյուր խմորագնդից ստացեք 5 մմ հաստությամբ խմորաշերտեր ու բաժակի օգնությամբ ստացեք շրջանակներ: Շրջանակները դրեք յուղաթղթապատ ձևամանի մեջ, ապա 30-60 րոպե թողեք սառնարանում, ապա 10-15 րոպե թխեք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

 

Կրեմը պատրաստելու համար կաթսայի մեջ խառնեք ձվի դեղնուցն ու շաքարավազը: Ավելացրեք ալյուրը, կոկոսի քերուկը, կաթի ¼ մասն ու խառնեք:Ապա ավելացնում ենք կաթի մնացած մասն ու դրեք կրակի վրա: Թխվածքաբլիթները բաժանեք երկու մասի, մի կողմի վրա լցրեք կրեմն ու ծածկեք երկրորդ շերտով: Շոկոլադն ու կարագը հալեցրեք, որից հետո լցրեք թխվածքաբլիթների վրա: Վրան շաղ  տվեք կոկոսի քերուկն ու մի քանի ժամ թողեք, որ կրեմը ներծծվի խմորի մեջ: