ԼԱՊԼԱՆԴԻԱ՝ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԵՐԿԻՐ

ad35c18afd6de13529ff07be11a6e9b2Հյուսիսային Եվրոպայում գտնվող Լապլանդիա շրջանն աշխարհի ամենագեղեցիկ ու կախարդական վայրերից է, որտեղ, ըստ լեգենդի, ապրում է Սանտա Կլաուսը։ Ամեն տարի Ամանորին և Ծննդյան տոնին Լապլանդիա է մեկնում կես միլիոն զբոսաշրջիկ:

Ամանորին Լապլանդիան վերածվում է իրական հեքիաթի, որտեղ բոլորին սպասում է բարի Սանտա Կլաուսը: Ամեն օր նա գալիս է իր նստավայրը՝ Սանտա Կլաուսի սենյակը, որը, ինչպես և Արհեստավորների գյուղն ու գլխավոր փոստատունը, գտնվում է անմիջապես Բևեռային շրջանում, Լապլանդիայի գլխավոր քաղաք Ռովանիեմիից 9 կմ հեռավորության վրա: Գլխավոր փոստատանը եռում է աշխատանքը. զվարճալի թզուկներն աշխարհի բոլոր ծայրերն են ուղարկում շնորհավորական բացիկներ, նամակներ և ծանրոցներ, որոնցից յուրաքանչյուրի վրա կարելի է տեսնել ինքնատիպ և անսովոր փոստային կնիք: Սանտայի զբոսայգում, որը քանդակված է հենց ժայռի մեջ, երեխաներին սպասում են զանազան խաղասարքերը և տիկնիկային թատրոնը, հեքիաթային կարուսելը և թզուկների անտառը: Արկտիկական ինքնատիպ գազանանոցում և եղջերուների բուծարանում կարելի է ծանոթանալ հյուսիսի կենդանիների հետ: Իսկ Լևիում կազմակերպվող ամանորյա տոնավաճառից կարող եք ձեռք բերել բազմաթիվ գեղեցիկ հուշանվերներ Ձեր սիրելիների և ընկերների համար:

Լապլանդիայում հարյուրավոր լճեր կան, որոնցից ամենամեծը Ինարին է, որը գտնվում է հյուսիսում և ընդգրկում է շուրջ 1050 քառակուսի կիլոմետր տարածքը: Նույնիսկ սառած լճերի վրա միշտ ձկնորսներ կան, ովքեր շրջում են սառույցի վրայով և իրենց հետ տուն տանում ձկներով լի արկղեր: Ձկնորսությամբ սառցե սաֆարին հոկտեմբերից սկսված հասանելի է նաև զբոսաշրջիկներին, ովքեր երբեք դեմ չեն սառած լճի վրա ձյունագնացով զբոսնելուն: Սառը ժամանցից հետո կարելի է վայելել որսը ռեստորանում: Համադամասերները պնդում են, որ սառույցի տակից հանած ձուկը ունի լավագույն խոհարարական որակները:

Տարածքի աշխարհագրական դիրքի շնորհիվ այստեղ կարելի է ականատես լինել բնության ամենագեղեցիկ երևույթներից մեկին՝ հյուսիսափայլին։ Դրա համար տարվա լավագույն եղանակ է համարվում ձմռան մութ ամիսները: Սաամների լեգենդի համաձայն՝ հյուսասափայլը ի հայտ է եկել աղվեսից, որը վազել է ձյունածածկ լեռներով և իր պոչով երկնքում ձյունե հետքեր թողել:

Լապլանդիան հեքիաթային երկիր է, որտեղ կարելի է տեսնել Հյուսիսափայլը, զբոսնել եղնիկների հետ, հաճույք ստանալ ձկնորսությունից և ընտանիքի հետ քայլել եղևնիների արծաթագույն ճյուղերի տակով: Նույնիսկ եթե չեք սիրում ցրտաշունչ ձմեռը, կարծում ենք` անպայման ցանկություն կունենաք գոնե մեկ անգամ սեփական աչքով տեսնել այս հեքիաթային վայրը։

Նյութը տրամադրել է  «Go travel»  տուրիստական ընկերությունը: